Գրիգորյան Մարինե

Գրիգորյան Մարինե
Գրիգորյան Մարինե
Մարի Գրիգորյանն եմ, դերասանուհի, սիրահարված եմ մասնագիտությանս.. ծնվել եմ Վաղարշապատ քայաքում և ապրածս կյանքի մեծ մասն ապրել և ստեղծագործել այդ ,,տաք,, արվեստասեր քաղաքում: Իմ ծնողները դեմ չեղան դերասան դառնալու որոշմանս, որովհետև դեռևս մանկությանս տարիներին շրջապատի մարդիկ նկատելով շնորհքս հորդորում էին ծնողներիս ապագայում ինձ չխանգարել… շնորհակալություն նրանց…. Ինչպես բոլոր նվիրյալ ծնողներ՝ իմոնք էլ ինձնով զբաղվելու իրենց ձգտումն արտահայտեցին՝ ինձ երաժշտական դպրոց տանելով /ավարտել եմ դաշնամուրի լրիվ դասընթացը/, մինչդեռ ես հիանալի նկարում էի և հիմա էլ շարունակում եմ ինքնարտահայտվել նաև նկարելով…. Սիրահարված եմ նաև գեղանկարչությանը, ինձնից լավ գեղանկարիչ կստացվեր, եթե վատ դերասան լինեի /մտորում եմ/…. Ընդունվեցի տեղի Մշակույթի քոլեջը: Երևան՝ թատերական ինստիտուտ գնալու համար, մայրս այնուամենայնիվ արգելք հանդիսացավ: Չընդվզեցի, չպահանջեցի, բավարարվեցի քոլեջի ,,Թատերական ինքնագործ խմբի ղեկավարի,, մասնագիտություն ձեռք բերելով: Ավարտելուց հետո /1988թ./ մտքովս արդեն չէր կարող անցնել ինստիտուտ ընդունվելու միտքը. վրա էին հասել երկրի համար ծանր ժամանակներ, մանավանդ շրջանում բնակվողների համար…. Ինձ վերցրեցին Վաղարշապատի ժող.թատրոն, որտեղ էլ դաստիարակվեց ու կրթվեց իմ դերասան-մարդ տեսակը… շնորհակալություն իմ առաջին խաղընկերներին… իսկական նվիրյալ դերասաններ և շատ տաղանդավոր…. Այս թատրոնը հետագայում ստացավ պրոֆեսիոնալ ստատուս և մինչև 1996թվականը աշխատեցի այդտեղ խաղալով հաջողված դերեր . ,,Անահիտ,, /Անահիտ/- Ղ, Աղայան, ,, Ինկած բերդի իշխանուհին,, /Իրինա/ Լ.Շանթ, ,, Ձայնը հետո կլսեք,, /Սիրուն/ , ,,Փրկեք մեր հոգիները,, /Լենա/ Ա.Աղասարյան , ,,Մահն ու աղջիկը,, /աղջիկ/- Ռեյ Բրեդբերի և այլն… 1997թվ. Ընդուվեցի ,,Համազգային,, թատրոն: Այս թատրոնում խաղացի ,,Խայտաբղետ աշխարհում,, Էդ.Զորիկյանի ռոք-օպերայում, ,,Օսկար,,- Ժուլիեթ /Կ.Մանյե/, ,,Իմ մանկության պոեմը,, Զ.Բեկ-Գասպարենցի և մանկական մի քանի բեմադրություններում: Համազգային թատրոնն ինձ համար ճակատագրական եղավ…. և դա ոչ թե խաղացած կերպարներն էին, այլ հանդիպումն ու ընկերությունը Աշոտ Մելոյանի հետ… շնորհակալություն ,,Համազգային,, թատրոնին: Մենք ընտանիք կազմեցինք, ունեցանք զավակներ՝ աղջիկ և տղա: 2001-ին խաղացի Արամ Սուքիասյանի ,,Գրիգոր Լուսավորիչ,, ռոք-օպերայում, որը բեմադրվեց Կասկադում և նվիրված էր Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700 ամյակին: Մի քանի տարի ինձ նվիրեցի երեխաներիս: Ես գերագույն հաճույք էի ստանում մայրությունից և զարմանում էի, թե ինչու եմ այսքան ժամանակ ինձ զրկել այդ հոգեհմա հաճելի կարգավիճակից և զգացմունքներից: Ես նույնիսկ չէի կարոտում թատրոնը, այնքան հագեցած էր իմ օրն ու կյանքը. արդեն այնտեղ ,,ստեղծագործում,, էին 2 էակներ, որոնց ես էի կյանք տվել… բայց վրա հասան այն ժամանկները, երբ ստեղծագործելու բուռն ցանկությունը ելք, միջոց էր փնտրում. սկսեցի նկարել, գրել, թարգմանել: Նկարահանվում էի ,,Կարգին հաղորդման,, սկետչերում: Ու ահա մի գեղեցիկ օր 2005թ. հրավեր ստացա Փոսի Փորձարարական թատրոնից. Ինձ հրավիրեցին խաղալու Աղասի Այվազյանի ,,Արալեզ,, բեմադրության մեջ: Վազելո՛վ գնացի: Առաջին իսկ փորձից հասկացա, թե որքան լուրջ ազդեցություն է թողել ինձ վրա մայրությունն ու առժամանակ թատրոնից հեռու և առանց թատրոնի ապրելը: Ես լեփլեցուն էի զգացմունքներով և ասելիքիս, խաղիս ազատությամբ, ինչը առաջ ինձ դժվարությամբ էր հաջողվում: Այս թատրոնում խաղացի լավագույն դերերս. ,,Մեղրի համը,, /Էլեն/ Շ.Դիլենի, ,,Ալ ժողով չեմ երթար,, /Դորոթի/, ,,Պաղդասար աղբար,, /Անույշ/ Հ.Պարոնյան / լավագույն կնոջ կերպարի համար ներկայացվեցի ,,Արտավազդ,, մրցանակի, 2009թ ստացա բարձրակարգ դերասանի որակավորում/… շնորհակալ եմ մայրությանն ու Փոսի թատրոնին: Ցավոք Մազմանյան Արմենն այն հիմնովին փլուզեց. նրան շնորհակալություն հայտնել չեմ կարող: Դարձա անգործ: Նկարահանվեցի ,,Հրեշտակների դպրոցը,, հեռուստասերիալում / Կարինե, խելագար կին/: Հրավիրվեցի խաղալու ,,Սիրահարված տաքսիստը,, Ռեյ Կունիի կատակերգությունում /Տրաուտոն, հրավիրյալ թատերախումբ/: 2013 թվականին ընդունվեցի Մհեր Մկրտչան արտիստական թատրոն: Ներկայումս խաղում եմ մի քանի մանկական ներկայացումներում ինչպես նաև ,,Երևան-Բարսելոնա,, կատակերգության մեջ /Սոնա/: Սիրում եմ ստեղծագործել նաև անհատապես: Պարապուրդի տարիներին իրականացրեցի 20 տարիների երազանքս. Նահապետ Քուչակի 50 սիրո հայրենների հիման վրա կառուցած երաժշտական մոնո-կոմպոզիցիան, ինչը բավական բարձր գնահատվեց արվեստասեր հասարակության կողմից: Շնորհակալություն պարապուրդին, որ ծնեց ,,Քուչակն ու Մարին,, ներկայացումը:
Հ1 հեռուստաալիքում կրկնօրինակել եմ 30 տասնյակից ավել գեղարվեստական ֆիլմեր /սա ի միջիայլոց/: :
Բարձր եմ գնահատում և կարևորում եմ ազգային մշակույթը, արհեստը և նրան նվիրյալ մարդկանց գործունեությունը: Հետևելով հորս օրինակին երգի միջոցով կրթում եմ և հայեցի դաստիարակում զավակներիս: Բարձր եմ գնահատում ընկերասիրությունը, մարդկանց հետ փախհարաբերվելու ընդունակ մարդկանց: Հատկապես առանձնահատուկ եմ վերաբերվում իրենց գործի նվիրյալներին ցանկացած ասպարեզում և մանավանդ թատրոնում:
Առավելություններս.
Ինձ համար չկան ատելի մարդիկ, գիտեմ Գյուրջիեվին, Խաչիկ Մանուկյանին, հասկացել եմ Տոլստոյի ,,Աննա Կարենինան,, մի քիչ ավելի, քան շատերը, Թումանյանին մի քիչ ավելի, քան շատերը, միշտ երիտասարդ եմ ավելի, քան կամ…. Նախ կին եմ, հետո մայր… Չեմ խոնարհվում, եթե մեծություն չէ: Անչափ համարձակ եմ:
Թերություններս. ծուլանալու հակում ունեմ և ավելորդ չշտապողականություն: Ագահ չեմ ակնկալիքներիս մեջ: Իսկ արվեստի մարդը պետք է հավակնոտ լինի: Բայց երբ ճիշտ ես ապրում, ճակատագիրը քեզ ՆՎԻՐՈՒՄ է այն ինչին դու արժանի ես …..

Հետադարձ կապ


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Խորենացի 18:
Հեռախոսահամարներ
011 580199 (տնօրեն)
011 570199 (գեղարվեստական ղեկավար)
011 560199 (հաշվապահ)
Գնել Տոմս